Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 2 » Հովհաննես Իմաստասեր
14:05
Հովհաննես Իմաստասեր
Միջնադարը Հայաստան աշխարհի համար ծաղկուն ժամանակաշրջան է եղել. վերականգնվել է ոչ միայն հայկական պետականությունը, այլ նաև նոր զարգացում է ապրել հայ միտքը՝ ի դեմս հայ երևելիների: Այդպիսի հանճարներից էր հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ Հովհաննես Սարկավագը, ում ժողովուրդը տվել է իմաստասեր կոչումը:

Հովհաննեսը ծնվել է 1047թ.-ին Գարդմանքի Փիփ գյուղում՝ քահանայի ընտանիքում: Երիտասարդ տարիքում ծնողները նրան ուսման նպատակով ուղարկում են Հաղպատի վանքում ուսանելու: Նա ուսումը շարունակում է Ուռճացի վարդապետի մոտ և ստանում բազմակողմանի կրթություն: Այնուհետև երկար ապրել ու գործել է Անի քաղաքում, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական-փիլիսոփայական ուղղվածություն: 

Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առարկաներ: Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն և որի համբավը տարածվել է ամբողջ Հայաստանում: Իր ժամանակներում նա համարվել է գիտության վերածնող, ով մեծ հարգանք ու հեղինակություն է ունեցել նաև վրաց եպիսկոպոսների շրջանում և արքունիքում: Բազմակողմանի և խոր գիտելիքների համար Հովհաննես Սարկավագը հռչակվել է որպես «Սոփեստոս», «Իմաստասեր», «Վարդապետ», «Պոետիկոս»:

Հովհաննես Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր: Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ: Նա մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը՝ սրբագրելով, խմբագրելով և արտագրելով աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ:

Հովհաննես Սարկավագը կրոնական բնույթի իդեալիզմի դիրքերից քննադատել է աշխարհի առաջացման մոնիստական-մատերիալիստական և դուալիզմին մոտեցող ըմբռնումները: Ըստ նրա՝ սկզբնականն Աստվածն է. այն ինչ որ կա, նախապես եղել է Աստծու մտքում և նրա կամքով դարձել է իրականություն: Արարված բնությունն ինքը ևս հանդես է գալիս որպես ստեղծագործող: Քանի որ յուրաքանչյուր առարկա ենթակա է փոփոխման, անցման՝ մի վիճակից մյուսին, ապա ողջ բնությունն ունի գոյության երկակի ձև՝ որպես իրականություն և որպես հնարավորություն: Վերջինս իրականության մեջ թաքնված արմատն ու սկիզբն է այն ամենի, հետագայում փոփոխության միջոցով վերածվում է իրականի: Հնարավորությունն ու իրականությունն անխզելիորեն կապված են ու պայմանավորվում են միմյանց: Նա փոփոխության պրոցեսը ընկալում է մետաֆիզիկորեն՝ կարծելով, որ բնության մեջ նորը չի առաջանում: Սակայն, անդրադառնալով բնության առանձին իրերի ու երևույթների շարժման պատճառների հարցերին, նա ցուցաբերել է դիալեկտիկական մտածողության որոշ  տարրեր: Բարձր գնահատելով մարդկային ճանաչողական հնարավորությունները՝ նա հանդես է եկել բնության երևույթների գերբնականացման ու սնոտիապաշտության դեմ, պահանջել է թափանցել բնության գաղտնիքների մեջ, ճանաչել շրջապատող աշխարհը, որն իր ժամանակին առաջադիմական պահանջ էր: Նա գտնում էր, որ կոնկրետ-զգայական աշխարհը հասանելի է մարդկային իմացությանը: Ճանաչողությունը չիմացությունից դեպի իմացություն, թերի իմացությունից դեպի առավել լրիվ իմացություն ընթացող երկարատև պրոցես է. այն անցնում է զգայական՝ առաջին և անհրաժեշտ աստիճանը, որին հաջորդում է բնական իմացությունը: Բացառիկ երևույթ էին գիտելիքների ձեռքբերման և նրանց հավաստիությունը ստուգելու խնդրում փորձի դերի մասին նրա դատողությունները, ճշմարտության մասին առաջ քաշած գաղափարները, նոմինալիստական մտածելակերպի առանձին արտահայտությունները և այլն: Հովհաննես Սարկավագը ընդունել է երկիր մոլորակի գնդաձևությունը:

Պահպանվել է Հովհաննես Սարկավագի մաթեմատիկական մի աշխատություն՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց» վերնագրով, որտեղ տրված են այսպես կոչված եռանկյուն, քառանկյուն, մինչև 14-անկյուն թվերը: Աշխատության ընդօրինակություններից մեկը պարունակում է նաև պյութագորասյան բազմապատկման աղյուսակի հայկական տարբերակը:

Արվեստի տեսության բնագավառում նոր խոսք է «Բան իմաստութեան ի պատճառս...» 188-տողանոց չափածո երկը, որը երկխոսություն է բանաստեղծի ու «սարեկի» միջև: Թեման արվեստի ակունքների խնդիրն է: Հովհաննես Սարկավագը արվեստի աղբյուրը տեսնում է բնության մեջ: Ըստ նրա՝ որքան արվեստը մոտենա բնությանը, այնքան ավելի կատարյալ կլինի: Բանականությունն է արվեստի բարձրագույն վիճակը: Նա գտնում էր, որ բարձր արվեստի հասնելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ ու նպատակասլաց աշխատանք: Նա պահանջում էր խոսքի ստեղծագործական ազատություն:

Հովհաննես Սարկավագը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցով: 1080թ.-ին, երբ լրացել է Հայոց Մեծ թվականի առաջին պարբերաշրջանը, նա կազմել է հետագա 532 տարիների (մինչև 1616թ.-ը) աղյուսակը, որը կոչվել է «Սարկավագագիր տոմար»: Իսկ 1084թ.-ին ստեղծել է Հայոց փոքր թվականը, որը կոչվել է «Սարկավագագիր»:

Հովհաննես Իմաստասերը 11-12-րդ դարերի երևելի երաժշտագետներից է, ով նշանակալի ավանդ է ունեցել Անիի և Հաղպատի գիտական ավանդությունների զարգացման մեջ և ուղի հարթել դեպի Կիլիկիա անցումն իրագործող հայկական երաժշտական մշակույթի հետագա ծաղկման համար: Հովհաննես Իմաստասերի, որպես երաժշտի, գործունեությունը կապված է երաժշտական գեղագիտական, գիտական ու գործնական տեսության, կատարողական արվեստի ու ստեղծագործության հետ: Նա անժխտելի է հետքեր է թողել հայ միջնադարյան արվեստի փիլիսոփայության, այդ թվում և ուղղակի՝ երաժշտական գեղագիտության զարգացման մեջ: «Բան իմաստութեան» քերթվածում, մասնավորապես, երաժշտությունը համարում է սովորովի գեղարվեստ, որ ծագում և զարգանում է որպես բնությանը նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական արդյունք: Եվ ի դեմս բնության, ունենալով գեղեցկության ու բարձրագույն ներդաշնակության հավերժական, իր համապարփակությամբ անհասանելի մի տիպար, վերջինիս հասնելու ձգտման մեջ ձեռք է բերում կատարելագործման հավիտենապես գործող հզոր ազդակներ: Ինչպես պարզվում է, ուսման և կրթության ասպարեզում Գրիգոր Մագիստրոսի բարենորոգումները շարունակելով դրանք ի կատար ածած Հովհաննես Սարկավագը, քերականության, տոմարի և թվաբանության շարքում դասել է նաև «քառյակ արվեստները», որոնցից մեկն էր երաժշտագիտությունը: Նմանապես պարզվում է, որ Հովհաննես Իմաստասերը իրեն աշակերտած հոգևորականներին ուսուցանել է նաև երաժշտության նշանագրության հիմունքները, ինչպես և ծիսական մատյանների երաժշտանշանագրական բովանդակությունը բացահայտելու՝ ընթերցելու-վերծանելու սկզբունքները: Հայտնի է Հովհաննես Իմաստասերի կատարած նշանակալի գործը սաղմոսերգության նորոգության ասպարեզում: Որպես ստեղծագործող՝ նա նշանակալի ավանդ է ունեցել աղոթքի ժանրի զարգացման մեջ, լծվել է գանձարան ժողովածուի նյութերի կուտակմանը և էապես հարստացրել շարականների հորինման փորձը: Ղևոնդյանց հիշատակին նվիրված նրա «Անճառելի բանդ Աստուած»  մանկունքը բարձրարվեստ մի կոթող է, որ նշանակալի չափով զարգացնելով Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի գրական ու երաժշտական բաղադրիչների կառուցվածքային լավագույն հատկանիշները, անմիջականորեն նախապատրաստում է Ներսես Շնորհալու՝ Ավարայրի ճակատամարտի հերոսներին ոգեկոչող «Նորահրաշ պսակաւոր» ստեղծագործությունը:

Հովհաննես Իմաստասերը մահացել է 1129թ.-ին Հաղպատի վանքում: Պահպանվել է նրա շիրմաքարը՝ «Արձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին» մակագրությամբ:

Վահագն Փիլիպոսյան
(«Գարդմանի կանչ» թերթ, 2013թ. N 9, էջ 3)
Գրականություն՝
1.Ալիշան Ղ. «Յուշիկք հայրենյաց Հայոց», հ. 2, Վենետիկ 1870թ.:
2.Աբեղյան Մ. «Հովհաննես Սարկավագ վարդապետ», հ. 4, Երևան 1970թ.:
3.Թումանյան Բ. «Հայ աստղագիտության պատմություն», Երևան 1964թ.:
Դիտումներ: 4093 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: Գարդմանք, հայ աստղագետներ, հայկական տոմար, փիլիսոփա, երաշժտագետներ, Հովհաննես իմաստասեր, Փիփ, գարդմանահայեր, հայեր, Հովհաննես Սարկավագ | - Վարկանիշ -: 3.7/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց