14:34 Բրաջուր գյուղ |
Գարդմանքի գողտրիկ անկյուններից մեկը Բրաջուր գյուղն է: Այն ունեցել է հինավուրց պատմություն և հիմնականում բնիկ բնակչություն: Գտնվում է Վարդաշեն (Միրզիկ) գյուղից 3 կմ հյուսիս, ծովի մակերևույթից 980-1040 մ բարձրության վրա: Մինչև 1988-1989 թվականները այստեղ ապրել են բացառապես հայեր: Գյուղի անվանման ծագումը բացատրվում է այն հանգամանքով, որ այստեղ ջուրը բերվել է, այսինքն բերովի ջուր՝ Բրաջուր: Խորհրդային ժամանակ, որպես գյուղի անվանում, կիրառվել է 26 կոմիսարների և Ղարաքեշիշ անունները: 1898 թվականին ականատեսը գրել է, որ գյուղն ունի հիմնականում կանոնավոր փողոցներ, տների մեծ մասը նոր ձևով են կառուցված: Նախկինում տների տանիքները եղել են հողածածկ: Բրաջուրցիները եղել են աշխատասեր ժողովուրդ: Զբաղվել են երկրագործությամբ և անասնապահությամբ, մասամբ էլ՝ սայլապանությամբ: Հաճախ իրենց ցերեկային աշխատանքը շարունակել են նաև գիշերը: Գյուղի հարավային ծայրում գտնվող կայծքարի հանքում զբաղվել են նաև հանքագործությամբ: Գյուղում զարգացած է եղել գորգագորշծությունը: Այստեղ գործված գորգերն ու կարպետները իրենց որակով և գեղեցկությամբ չեն զիջել տարածաշրջանի այլ գորգագործական կենտրոնների գորգերին: Բրաջուրի գորգերի մի մասը այսօր պահվում է Բաքվի Գորգերի թանգարանի նորակառույց շենքում և ներկայացվում որպես ադրբեջանական՝ իբր գործված ադրբեջանցիների նախնիների կողմից: Բրաջուրում եղել են բազմաթիվ հուշարձաններ, որոնցից ամենապահպանվածը Սուրբ Գաբրիել եկեղեցին է, որն այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների կողմից ներկայացվում է որպես ալբանական (աղվանական): Մասսամբ պահպանվել է գերեզմանոցը: Հայտնի է նաև, որ 1905-1923 թվականներին գյուղը հովվել է Վարդաշենի Մարտիրոս քահանա Եպիսկոպոսյանցը: Այժմ գյուղը կոչվում է Կերեմլի, որտեղ բնակվում է շուրջ 380 ադրբեջանցի: Վահագն Փիլիպոսյան Գրականություն՝ 1.Սամվել Կարապետյան «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.: 2.Բարխուդարյանց Մ. «Արցախ», Բագու 1895թ.: 3.«Նոր Դար» 1890թ., N70: 4.«Արձագանք» 1886թ., N20: 5.Հեղինակի անձնական հավաքածու: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | ||
| ||