15:43 Մխիթար Գոշ |
Հայոց Գարդմանք աշխարհը հայ ժողովրդին մշտապես պարգևել է հզոր մտքի ու կամքի տեր մարդկանց, ում անունները ոսկե տառերով է գրվել Հայոց պատմության էջերում: Այդպիսի հանճարներից է եղել հայ ժողովրդի անվանի զավակ Մխիթար Գոշը: Նա ծնվել է 1120-ական թվականներին Գանձակում, եղել է հայ մտածող-գիտնական, օրենսդիր, առակագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: Նրա կենսագրական տվյալները բավականին հետաքրքիր են. կրթություն ստանալը սկսել է ծննդավայրում, իսկ չափահաս դառնալով ձեռնադրվել է կուսակրոն քահանա: Աշակերտել է Հովհաննես Տավուշեցուն և ուրիշ գիտնականների, ստացել վարդապետի կոչում: Այնուհետև, թաքցնելով վարպետական աստիճան ունենալը, մեկնել է Կիլիկյան Հայաստան, ուսանել Սև լեռան երևելի գիտնականների մոտ և վերստին ստացել վարդապետի աստիճան: Վերադառնալով հայրենիք՝ սկզբում ապրել է Գանձակում, ապա տեղափոխվել Խաչեն, այստեղից էլ՝ Գետիկ վանք: Որոշ ժամանակ անց երկրաշարժի հետևանքով վանքը և շրջակա գյուղերը ավերվում են: Մխիթար Գոշը Ամիրսպասալար Զաքարե և Իվանե Զաքարյան իշխանների օժանդակությամբ ավերված վանքից քիչ հեռու՝ Տանձուտա ձորում (Ներկայիս Գոշ գյուղում) կառուցում է Նոր Գետիկ վանքը, որտեղ հիմնում է իր դպրոցը: Գոշի իմաստության համբավն այնքան է տարածվում, որ շատերը, այդ թվում նաև՝ վարդապետներ հեռավոր վայրերից եկել են աշակերտելու նրան: Նա մեծ հեղինակություն է վայելել ոչ միայն մտավորականների, այլև քաղաքական ու պետական գործիչների շրջանում, եղել է Զաքարե Երկայնաբազուկների խոստովանահայրն ու խորհրդատուն: Միջնադարում նրա մասին պատվել են ավանդույթներ, որտեղ նա սրբացվել է: Մահվանից հետո իր կողմից հիմնված Նոր Գետիկի վանքը վերանվանվել է Գոշավանք: Մխիթար Գոշի գերեզմանը գտնվում է Գոշավանքի հարակից բլրի լանջին, ցավո՛ք, անմխիթար: Հատկապես ուշագրավ են նրա ստեղծագործական աշխատությունները Մխիթար Գոշի գրչին են պատկանում մատենագրության տարբեր ճյուղերին վերաբերող մոտ մեկ տասնյակ աշխատություններ, որոնցից են «Համառօտ մեկնութիւն մարգարեութեանն Երեմիայի», «Ողբք ի վերայ բնութեանս՝ ի դիմաց Ադամայ առ որդիս նորա», «Յայտարարութիւն ուղղափառութեան հաւատոյ ընդդէմ ամենայն հերձուածողաց՝ ի խնդրոյ մեծ զօրավարին Զաքարէի և եղբօր իւրոոյ», «Թուղթ խրատականք», «Շարք հայրապետացն Աղուանից» աղոթքներ, առակներ: Հետաքրքրական է «Յայտարարութիւն»-ը, որ Զաքարեին և Իվանեին ուղղված գրություն է: Այստեղ հեղինակը հորդորևել է նրանց մեղմելու հայ և վրաց եկեղեցիների տարբերությունների պատճառով եղած բամբասանքների ազդեցությունը այդ երկու ժողովածուների քաղաքացիական համակեցության վրա: «Շարք հայրապետացն Աղուանից»-ը միակ աղբյուրն է, որտեղ համառոտ շարադրված է Աղվանքի 11-12-րդ դարերի պատմության: Բացառիկ արժեք են ներկայացնում Մխիթար Գոշի «Դատաստանագիրք»-ն ու առակների ժողովածուն: Եթե հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, մարդկային հարաբերությունները «Դատաստանագրքում» աշխատում է կարգավորել օրենսդրական միջոցներով, ապա առակներում նույն նպատակին ձգտում է հասնել խրատական միջոցներով: «Դատաստանագիրք»-ը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ մեծ իրադարձություն է եղել: Այն պարունակել է այնպիսի դրույթներ, որոնք տեղ են գտել այժմյան բազմաթիվ իրավական ակտերում: Գոշը այնպիսի գաղափարների հեղինակ է, որոնք բխել են անմիջականորեն մարդու բնական իրավունքներից: Գիրքը պարունակում է քրեական, քաղաքացիական և այլ կարևոր հարաբերություններ կարգավորող դրույթներ: Պատահական չէ, որ դեռևս միջնադարում «Դատաստանագիրք»-ը թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով, կիրառվել հայ գաղթօջախներում: Նրա առակների նյութը հիմնականում հասարակական ու կենցաղային խնդիրներն են, դասակարգերի, դասերի ու խավերի, անհատների փոխհարաբերության հարցերը, որոնք նոր էին հայ գրականության մեջ: Այստեղ արտացոլված է դարաշրջանի հասարակայնության պատկերը բազմազան գույներով: Առակագիրը շոշափում է սոցիալական խնդիրներ, որով նրա ժողովածուն առանձին կարևորություն է ստանում ժամանակի սոցիալ-պատմական իրադրության պարզաբանման համար: Իր 190 առակներում Գոշը արծարծում է նաև կենտրոնացված ուժեղ պետություն ունենալու գաղափարը: Նրա առակներն առաջին անգամհրատարակվել են 1790թ.-ին Վենետիկում, թարգմանվել են ֆրանսերեն և ռուսերեն ու այլ լեզուներով: Մխիթար Գոշը խոր հետք է թողել հայ գրավոր մշակույթի զարգացման վրա: Նրա առակներով հայ գեղարվեստական արձակը սկսում է հանդես գալ իբրև ինքնուրույն գրական տեսակ: Գոշը ապրել և գործել է մի ժամանակաշրջանում, երբ թե՛ Կիլիկիայում և թե՛ բուն Հայաստանում Ռուբինյանների և Զաքարյանների գլխավորությամբ արդեն կազմավորել էին հայկական պետություններ: Նա իր մտավոր գործունեությամբ ջանում էր ծառայել ազգային պետականության ամրապնդմանը: Վահագն Փիլիպոսյան Գրականություն՝ 1.Ալիշան Ղ. «Հայապատում», մաս 2, Վենետիկ 1901թ.; 2.Պիվազյան Էմ. «Գիրք դատաստանի», Երևան 1951թ.: 3.Աբեղյան Մ. «Երկիր», հ. 4, Երևան 1970թ.: 4. Марр Н. «Сборники притч Вардана», 1899г. 5.Орбели И. «Басни средневековой Армении», М. 1968г.
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |