Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 23 » Ցեղակրոնություն
17:21
Ցեղակրոնություն
Գարեգին Նժդեհ, ՑեղակրոնությունԱմեն մի ազգային գաղափար, ուսմունք, գաղափարախոսություն արդիական է այնքան, որքան ծառայում է իրեն հետևող ժողովրդի ռազմավարական շահերին, նրա ներկա և ապագա բարօրության և անվտանգության ապահովմանը: Այս տեսակետից հայ զորավար Գարեգին Նժդեհի տեսական ժառանգությունը, հատկապես՝ Ցեղակրոնության և Տարոնականության շարժումների մեջ պարփակված գաղափարները հայ ժողովրդի համար, անկասկած, ունեն ոչ միայն այժմեական, այլև՝ մշտական արդիականություն: Նժդեհի ուսմունքը, գաղափարախոսությունը մի հիմնարար աշխարհընկալում է, որը տրամադրում է հայ ազգի գոյության, հետագա զարգացման, նրա հիմնախնդիրների , ազգային նպատակների լուծման և ախտերի բուժման համակարգված բանալին: Գարեգին Նժդեհի տեսական ժառանգությունը միտված է հայ անվան հավերժացմանը և չափազանց արժեքավոր է այսօրվա ազգերի հանրությունում  հայ ժողովրդի  արժանի տեղը ապահովելու համար:

Ցեղակրոնության գաղափարական պարունակությունը
Ցեղակրոնությունը հայ ազգի նվաստացման, նրա կեսի ֆիզիկական բնաջնջման և հայրենիքից քշված ոգու ծնունդն է:  Ցեղակրոնությունը հայ ազգի մեծության վերակա նգնման և նրան ցեղային բարոյականով օժտելու ճիգ է: Ցեղակրոնությունն այն ճանապարհն է, որով իր սեփական տառապանքի մեջ մկրտված Հայն է աշխարհ գալիս: Նա իջնում է ցեղի ոգու բարձրունքներից՝ ցեղի խոսքը շրթունքներին:
Ցեղակրոնությունը բարոյական զենք է և վահան, պաշտպանիչ գոտի, որը հանդես է գալիս որպես պատնեշ՝ օտար այլասերիչն միջավայրերում: Դա հայությանը քաղաքական միադավանության մղելու ճիգն է:
Ցեղակրոնությունը կոչված է պաշտպան կանգնելու մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը, նրա ազգային դիմագծի և ազգային բարոյականի պահպանմանը:
Դա հայ ազգի տենչն է՝ ապահովելու իր արժանապատիվ տեղը մարդկության ընտանիքում: Դա կանչ է՝ հայությանը մղելու ինքնաճանաչման, ցեղային պարտականության գիտակցման և ցեղայնացման:
Ցեղը Գարեգին Նժդեհի ուսմունքի առանցքային գաղափարն է:

Ցեղը
Նժդեհի ուսմունքում ցեղ բառի գործածումն ընդհանուր ոչինչ չունի «ցեղ» բառի ավանդական ըմբռնման հետ, երբ այդ ասելով հաճախ հասկացվում է ազգությունների ձևավորման շրջանում գոյություն ունեցող վայրենի ժողովուրդների համախումբը: Ընդհանրապես, դժվար է տալ ցեղի ամբողջ էությունը և բնույթն ընդգրկող սահմանում: Ցեղը հայ արյան և ոգու համախումբն է, ամբողջությունը: Դա ազգի հոգևոր ուժերն ու իմաստությունն ամփոփոխ էությունն է: Ինչպես նշում  է Նժդեհը. «....ցեղն ավելի հոգի է, քան կաւ.... Դա յաւիտենական հայն է, ժամանակների վկան, Աստուծոյ գործակիցը.... Ժողովրդի ուժածին մեքենան է ցեղը, և  նրա ուժակիրը, որի մէջ կրում է մի  ինչ-որ տիեզերական և յարուցիչ ուժ.... Յարանուանական է ժողովուրդը - կաթողիկէէ, բողոքական, լուսաւորչական և այլն - ցեղը միշտ էլ մի է եւ ամբողջական»:
Որքան բարձր է ցեղի տեսակարար կշիռը  ժողովրդի մեջ, այնքան ավելի ինքնապաշտպանունակ և ստեղծագործ է լինում ժողովուրդը: Նժդեհի բնորոշմամբ՝ ցեղի մեջ ապրում են հայության բոլոր անցած սերունդները, մեր մեծ նախնիները՝ Տիգրան Մեծ, Արտաշես Աշխարհակալ, Վարդան Մամիկոնյան: Նա նշում է, որ ժողովուրդը ներկա է, իսկ ցեղը՝ երեկ, այսօր և վաղը: Առաջինը, ըստ նրա՝ հաճախ կլանվում է ներկայով, առօրյա հոգսերով, իսկ երկրորդը հանում է մեզ անցյալից և ցույց տալիս մեր անցյալը՝ մեր պատմությունը, և ապագան՝ ճշմարիտ լույսի ներքո: Ցեղային բարոյականով սպառազինված և դրանով առաջնորդվող ժողովուրդներն են միայն կարողանում ապրել և գոյատևել, հատկապես՝ օտար միջավայրում.  «Ոչ ցեղաշունչ ժողովուրդը ընդունում է օտար մշակույթը՝ ապազգայնանալով: Ցեղը ազգայնացնում է ընդունածը» - ասում է Նժդեհը:
Ինչպես գրում է Օննիկ Զարմունին.  «... ցեղը ժողովրդի մը մէջ այն տարրն է, որ կենսազգաց է, յաւիտենատենչ, մեծագործ և հերոսական»: Հատկանշական է մեջբերել նաև Հայկ Ասատրյանի հեըևյալ միտքը.  «Ցեղը՝ դա ե՛ւ արիւն է, ե՛ւ ոգի: Դա ե՛ւ կամք է, ե՛ւ բանականութիւն: Դա ե՛ւ առաջնորդ է, ե՛ւ ռազմիկ: Դա ե՛ւ խորհուրդ է, ե՛ւ  ստեղծագործութիւն: Դա ե՛ւ տառապանք է, ե՛ւ հաղթանակ: Ցեղը միայն կարող է փոխել պատմության ընթացքը»:
Ցեղը, ըստ Ցեղակրոնության տեսաբանների, հավիտենականության զգացումն է, Աստծո շունչը, հավերժության ճանապարհը՝ առանց որոնց կարելի է, իհարկե, ապրել, բայց ո՛չ ստեղծագործել և պատմություն երկնել:
Փնտրե՛նք, որոնե՛նք ցեղը մեր մեջ, մեր ինքնությա՛ն մեջ, քանզի այնտեղ են թաքնված մեր՝ դեռ չբացահայտված ուժերը, մեր փրկությունը, մեր զենքը և վահանը: Ճանաչե՛նք մեր ցեղը:

Ցեղաճանաչողություն
Ցեղային անինքնաճանաչողություն՝ նշանակում է քաղաքական կարճատեսություն և անարգանք նախնիների հիշատակին:
Անինքնաճանաչ ժողովուրդը չի կարող ունենալ արժանապատիվ ապագա: Ցեղաճանաչությամբ է կարելի ձեռք բերել սեփական ճակատագրի դասերից օգտվելու, պատմության խորհուրդը հասկանալու և սեփական հայրենիքին օգտակար լինելու կարողությունը: Անցեղաճանաչողությունն է ժողովուրդների պարտության, քաղաքական կուրության ու անհեռատեսության, հետևաբար նաև՝ դժբախտության պատճաը: Լսենք Նժդեհին. «Առանց ցեղային ինքնաճանաչումի՝ անկարելի է զերծ մնալ սեփական ուժերը ստորագնահատելու, ինչպես և գերագնահատելու աղէտալի սխալնքէն»: Նժդեհը պնդում է, որ առանց սեփական ցեղի ոգու ճանաչման հնարավոր չէ անսխալ կերպով նոր սերունդին տալ Ճիշտ դաստիարակություն, ինչպես նաեւ՝ անսխալ քաղաքականություն ու ռազմավարություն մշակել: Նա նշում է, որ ժողովուրդների թուլության եւ դժբախտությունների պատճառները թաքնված են իրենց սեփական էության անլիարժեք պատկերացման, այսինքն՝ անինքնաճանաչության ու անցեղաճանաչության մեջ:
Պեղե՛նք մեր անցյալը, և այդպիսով՝ մեզ, մեր պատմությունը, լինե՛նք պատմաճանաչ և զգա՛նք պատմության՝ որպես բացարձակ ոգու առկայությունը մեր մեջ, քանզի այդպե՛ս և միայն այդպես կարող ենք հաղթահարել ներկա և գալիք մարտահրավերները: Ահա այդ կոչով է մեզ դիմում Ցեղակրոնությունը:

Ցեղային պարտականություն
Ապրել և գործել ցեղային պարտականության զգացումով. դա է Ցեղակրոնության մյուս կարևորագույն գաղափարական բաղադրիչներից մեկը: Լինել Ճակատագրապես կապված սեփական ցեղին և նրա արժեքներին: Լինել ցեղային պարտականության մարդ: Ունենալ այն գերագույն պարտականության զգացումը, որ քո սերնդին է վիճակված ապրել ժողովրդի պատմության ամենավճռական ժամանակաշրջանը:
Ապրել ցեղային պարտականությամբ, նշանակում է զգալ քո մեջ մեր անցյալի հերոսական էջերը, կրել ցեղային մեր էջը, ապրել և ապրեցնել հայկականությունը. «Ցեղակրօն լինել՝ ասել է ապրիլ ցեղի համար, որի անունով մեռան հազարներն ու բիւրերը. ասել  է՝ պատրաստ լինել ամէն վարկեան մեռնելու այն դատի համար, յանուն որի մեր ցեղն իր կեսը ողջակիզեց. ասել է՝ մեր սրտի վրայ կրել այն բոլոր վէրքերը, որ թուրք բազուկը հայութեան մարմնին եւ հոգուն հասցուց»:
Ցեղային պարտականություն զգալ՝ նշանակում է ազգին բնորոշ գենետիկական պատմական հիշողությամբ վերապրել  մեր անցյալը, հոգեբանորեն կապված լինել ո՛չ միայն ներկա, այլ նաև՝ անցած և գալիք սերունդների հետ, այսինքն՝ լինե՛լ ցեղահաղորդ:

Ցեղահաղորդություն
Ցեղակրոնության ուսմունքի մյուս կարևոր գաղափարական բաղադրիչը ցեղահաղորդությունն է:  
Ցեղահաղորդությունը հոգևոր կապ, հաղորդություն է ներկա և անցաշ սերունդների միջև: «Նորահաս սերունդը կտրուե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներէն - նա էապես կտրւում է մինչ այդ գոյութւին ունեցող ցեղի արժէքներէն ու սրբութիւններէն, կրօնէն ու բարոյականէն: Հին սերունդէն կտրւողը դառնում է հոգեպէս անհող եւ անուղի: Էականը հոգեհաղորդակցութւինն է սերունդների միջեւ, որի շնորհիւ վերջինները փոխանցում են ցեղի յաւիտենական բոցը», զգոնության կոչ է անում Նժդեհը:
Ցեղահաղորդ լինել, կրել ցեղը և նրա շունչը քո մեջ, նշանակում է սովորել ցեղորեն ապրելու արվեստը, ցեղորեն ապրել, նշանակում է պատմական հիշողությամբ կապված լինել և վերապրել անցյալ սերունդների կյանքը, մեր մեծ նախնիների գործի խորհուրդն ու ճակատագրապես կապված լինել նրանց:
Ցեղահաղորդ լինել՝ նշանակում է վերապրել ցեղիդ հերոսական և ողբերգական էջերը, քայլ կատարել դեպի Ցեղակրոնություն:

Ցեղայնացում
Ցեղայնացում. այս է քարոզում Ցեղակրոնությունը, որի միջոցով հնարավոր է հոգևոր զրահ հագնել այլասերիչ ազդեցություններից զերծ մնալու համար: Ցեղայնությունը, նախ և առաջ, արյան, կրոնի, լեզվի և ճակատագրի միությունն է, դրանց հավաքական, ամբողջական ուժը: Ըստ ցեղակրոնության տեսաբանների՝ առանց ցեղայնության կարող է գոյություն ունենալ միայն եսակենտրոն անհատների մի ամբոխ, բայց ոչ ընդհանուր նպատակների ձգտող ազգ: Ինչպես նշում է Ցեղակրոնության գաղափարախոսներից Օննիկ Զարմունին. «Ցեղայնացումն է, որ հայ արին կը մղէ հայրենասիրութեան, արիութեան և յաղթանակի»:
Ցեղայնացումը հայ ազգի ճշմարիտ ճանապարհի ուղեցույցն է, նրա ճիշտ կողմնորոշման և ցեղային արժանապատվության ու ազգային դիմագծի պահպանման գոյաբանական հիմքը:
Ցեղակրոնությունը ճիգ է՝ ստեղծելու ցեղայնացած հային, քանզի միայն նա կարող է ստեղծել նոր արժեքներ և պահպանել իր ազգային, մշակութային ու հոգևոր դիմագիծը՝ օտար քաղաքակրթությունների հետ շփման ու 21-րդ դարի համընդհանուր մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին:

Ինքնաճանաչում
Ինքնաճանաչում. սա է Ցեղակրոնության մատնանշած ճանապարհը, իսկ ինքնաճանաչումը հնարավոր է բացառապես ինքնաճանաչման միջոցով. «Մի ժողովուրդ, որը ինքն իրեն դեռ չէ նուաճել, ընդունակ չէ, արժանի չէ մեծ գործերի», - զգուշացնում է Նժդեհը:
Ինքնաճանաչումն այն ճանապարհն է, որով հնարավոր է բացահայտել, ճանաչել և օգտագործել մեր մեջ թաքնված ուժերը: Ինքնաճանաչման ճանապարհով դեպի ինքնանվաճում՝ դրան է մեզ մղում Ցեղակրոնությունը: Լինե՛նք ինքնաճանաչ, նվաճե՛նք ինքներս մեզ և ցեղայնանանք: Դիմենք Նժդեհին. «Որքան բարձր է անհատների և ժողովուրդների  հասկացողութիւնը իրենց գերագոյն ծնողի՝ ցեղի մաղին, այնքան հոգեպէս կայտառ, զօրաւոր , ստեղծագործ են նրանք»: Նժդեհը վստահ է, որ միայն ինքնաճանաչությամբ հնարավոր է տիրապետել այն տարերքին, որը հավիտենական է հայի էության մեջ՝ մեր ցեղայնությանը:

Ցեղային անհատականություն
Ցեղակրոնությունն այն բարոյական զենքն է, որով հնարավոր է պաշտպանել հայ ազգային դիմագիծը, ցեղային անհատականությունը և հետևաբար՝ մեր ազգային արժանապատվությունը: Ցեղային անհատականությունը պետք է դառնա հայի ազգային ինքնապաշտպանական համակարգի բաղկացուցիչ մասը, քանզի, մեր ցեղային դիմագիծը պահպանելով, մենք ծառայում ենք նաև համայն մարդկությանը:
Ահա թե ինչ է ասում Նժդեհը այս կապակցությամբ. «Սու՛տ է, չկա՛յ եւ պիտի չլինի վերացական, ցեղօրէն անկերպարան մարդը: Կա՛յ եւ կը մնայ ցեղադէմ մադրը - ֆրանսիացին, անգլիացին, ռուսը, լեհը, արաբը, հայը - կա՛յ ցեղորոշ մարդը ... պէ՛տք է ծառայել մարդկութեան, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցաւ, մե՛ր ցեղին ծառայելով՝ ապրելով ու ստեղծագործելով  որպէս հայ մարդ... ո՛չ մի զիջում մեր ցեղային անհատականութիւնից եւ արժանապատւթյունից»:
Ցեղային անհատականությունը մեր նախնիներից փոխանցված ոգու և ֆիզիկական դիմագծության համախմբումն է, մեր կողմից գալիք սերունդներին փոխանցվող ժառանգությունը: Նժդեհը Ցեղակրոնության միւջոցով փորձում է հայի մեջ արթնացնել ցեղային պատկանելիության զորավոր զգացումը, քանզի վստահ է, որ մի ժողովուրդ այնքանով է ստեղծագործ ու լավատես, որքանով նրա մեջ արթուն է ցեղային ծագման գիտակցությունը, առանց որի կարող է լինել դիմազուրկ զանգված, բայց ո՛չ ազգ:

Ճշմարիտ հայրենասիրություն
Ցեղակրոնությունը միջոց է մեր մեջ արթնացնելու ճշմարիտ հայրենասիրություն՝ գործով և ոչ միայն խոսքով ու խոստումներով: Հեռու՛ բաժակաճառային հայրենասիրությունից, Հայաստանը կարոտ է կոնկրետ ու կենդանի հայրենասիրության: Դիմե՛նք Նժդեհին. «Շատերը հայրենիքը փնտրում են ամպերում, միստիկ մշուշի մէջ, երբ դա այնքա՜ն մօտ է մեզ՝ մեր ուշադրութեան, նուիրումի, պաշտամունքին կարօտ...: Հայրենիքը սկիզբն ու վախճանն է մեր մտածումի, ապրումի եւ գործի: Երբ մեր շրթունքները մրմնջում են ցեցի մասին, մեր աջը ցոյց է տալիս Հայաստանը: Մենք հաւատում ենք Հայաստանին: Սա նշանակում է, որ կեանքում սրբազնագոյնը մեզ համար Հայրենիքն է: Մենք շնչում, ապրում ենք Հայաստանով, մի՛շտ պատրաստում տառապելու, գործելու եւ մեռնելու նրա համար: Դա՛ է արժէքների արժէքը մեզ համար: Դա՛ է մեր սրբազան ցաւը, կարօտը, ուրախութիւնը, մեր գոյութեան իմասն ու իրաւունքը, մեր անմահութիւնը՝ միաժամանակ»:

Քաղաքական միաբանություն
Ցեղակրոնության միջոցով Նժդեհը փորձում էր հայությանը մղել քաղաքական միաբանության: Նա ձգտում էր վերջ տալ Սփյուռքում ծայր առած զանազան քաղաքական հոսանքներին, որոնք քաղաքական պառակտումների հողի վրա փոշիացնում էին սփյուռքահայության ուժը՝ բռունցքելու փոխարեն: Նա մեզ պատգամում էր վերջ տալ քաղաքական, կրոնական, թիմային ամեն մի խտրության այնտեղ, որտեղ պահանջվում է ընդհանուր, հասարակական, ազգային միաբանության անհրաժեշտությունը: Ցեղակրոնության միջոցով Նժդեհը փորձում էր գաղութահայությանը մղել դեպի քաղաքական միակրոնություն և ցեղային միասնություն: Դա կուսակցական պայքարով տարված հայ գաղութներին ուղղված զգոնության կանչն էր. «Հասկանա՛նք, վերջապէս, քանի ուշ չէ, հասկանա՛նք, որ հայը պատճառ չունի՛ կուսակցականանալու: Իսկ մեր ժողովրդի թուական տկարութիւնը, մեր հայրենիքի աշխարհագրական դիրքը եւ երէկուայ մեր Եղեռնը կը բաւեն գիտակցելու, որ հայը կուսակցականանալու նաեւ իրաւո՛ւնք չունի»: Երիցս ճիշտ է Օնիկ Զարմունին՝ պնդելով, որ բոլորը պետք է պատկանեն մեկ կուսակցության՝ հայկականության, բոլորը պետք է ունենան մեկ առաջնորդ՝ Հայաստան:

Ազգային վերանորոգում և ազգային բարոյական
Ցեղակրոնությունը մեզ տանում է անհատի, իսկ նրա միջոցով՝ դեպի ազգի վերանորոգում, որով և հնարավոր է արդյունավետ ծառայել հայրենիքին: Ինչպես Նժդեհն էր ասում. «Ազգային վերանորոգումը հնարաւոր  է ցեղով, ցեղային արժէքներով, ցեղային պատկանելիութեան զգացումի խոր ապրումով, սեղմ ասած՝ ցեղակրօնութեամբ»: Զգա՛նք հավիտենականության շունչը, քանզի միայն հավիտենականն է իմաստավորում և մեր անցյալն ու ներկան: 

Ուրեմն՝ եկեք կատարե՛նք մեծ հայորդու պահանջը և վերանորոգվենք, քանզի դա է պահանջում նաև այսօրվա մեր իրականությունը: 
Նժդեհը ցեղակրոնության միջոցով պայքարում էր համատարած պառակտիչ երևույթների, բարոյալքման և, ինչը ոչ պակաս վտանգավոր էր՝ անտարբերության դեմ: Նա մեզ սովորեցնում է հոգատար լինել ամեն հայի նկատմամբ: Նժդեհը նշում էէր, որ ազգային բարոյականը ենթադրում է մի օրինակարգ և հանրապարտադիր կանոն, որից ամեն շեղում համարվում է հոգևոր մահափորձ ազգի դեմ. «Ազգային բարոյականի տեսակէտից՝  մի Գիւլբենկեան աւելի չարժէ, քան՝ Հայաստանի մի գեղջուկ, եւ մի զօրավար, մի ուսուցչապետ, քան՝ մի համեստ արհեստաւոր: Էականը յաւիտենական հայկականութիւնն է, որ ազգութիւնը նուիրագործում է իր ամէն մի անդամի մէջ... Ճակատագրի եղբայր է ամէն հայ: Աւելին՝ ամէն հայ՝ դա դո՛ւ ես - ահա՛ ազգային բարոյականի անխախտելի օրենքը»: 


Ցեղակրոնության հավատամքը
ա. Ես ցեղակրոն եմ, երդվում եմ Վահագնի աջի վրա, որ երբեք չեմ մեղանչի ուխտիս դեմ, կապրեմ, կգործեմ և կմեռնեմ որպես ցեղամարդ:

բ. Ինձ համար անհատականության և ազատության  ամենաբարձր արարքը ցեղին հնազանդ լինելն է:

գ. Ես ցեղաճանաչ եմ, և ահա գիտեմ, որ մեծ է իմ ցեղը, այն ավելին է տվել մարդկությանը, քան ստացել է նրանից, գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխություը վերջին գործը չէ իմ ցեղի էության, գիտեմ, թե ինչ վեհ արարքների ընդունակ է իմ ցեղը:

դ. Ես ցեղահավատ եմ և ահա պաշտում եմ  և մի այլ աստվածություն՝ ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան:

ե. Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի շատ իմ գերագույն ծնողին՝ իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին:

զ. Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականություն ունեմ ես և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը:

է. Ցեղակրոն եմ, այսինքն՝ որտեղ էլ որ լինեմ, սոցիալական, քաղաքական ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ իմ ցեղի հպատակն ու մարտիկը:

ը. Հայաստանից դուրս՝ սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ, որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ, թե օրավարձով աշխատող բանվոր, անդարձ պանդխտություն չեմ համարի տարագրի կյանքս: Չէ՛, վերադարձ կա:

թ. Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը: Պարտականության մեջ ցեղակրոնի իմ բաժինը առյուծի բաժինն է, ամենամեծը:

ժ. Ցեղակրոնը, որի նշանաբանն է ավելի, էլ ավելի զորություն, պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի:

ժա. Զոհապաշտ եմ ես, և ահա երկյուղածություն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար:

ժբ. Ցեղակրոնն էլ էձգտում երջանկության, այն է՝ տեսնել, թե ինչպես է աճում իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդարձակում է Հայաստանը:

ժգ. Ցեղով է ապրում, ստեղծագործում և հավերժանում ժողովուրդը: Մարդկային մշակույթի գործում զորավոր ուժ է ցեղայնությունը: Ահա, թե ինչու ցեղային անհատականության պղծումը ցեղակրոնը համարում ոճիր ուղղված մարդկության և, ի մասնավորի, իր ժողովրդի դեմ:

ժդ. Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտված են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ կաթից:
Նա խորշում է հայ իրականության  մեջ գոյություն ունեցող այն բոլոր ուժերից, որոնք թեպետ հասարակական դիրքով հակոտնյա են, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած է ազգայնականության դեմ դուրս եկած ուժերին:
Ավելի հստակ ձևակերպած՝ ազգայնականության երկու ձևերից՝ ազգային անհատականությունից և եսապաշտությունից ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը:
Ցեղակրոնի այս ձգտումը լիովին համապատասխանում է համամարդկային բարոյականի  առաջադիմության բարձր սկզբունքներին:

ժե. Մեծ է ցեղակրոնի իմ թշնամանքը, ինչպես մեծ է իմ պաշտամունքը: 
Ցեղիս թշնամիներ են թուրքը, բոլշևիկը (ռուսը) և սրանց հայադավ գործակալները, որոնց վճռաբար կհակադրեմ իմ զորության ցեղապաշտությունը:
- Ինձ համար գոյություն ունի հարցերի հարցը՝ բախտահաս թուրքը:
- Ես խորշում եմ ռուսից, որովհետև հակահայ է՝ թուրքի չափ, որովհետև թուքրի հետ զինակցած մտավ Հայաստան, որովհետև նրանից ցայսօր օգտվեց ցեղիս գերեզմանափորը՝ թուքրը, միայն թուրքը:

ժզ. Պարտվողականություն, կրավորական տառապանք, սարսափի հոգեբանություն, լալկանություն, մտքի անիշխանականություն, կրոնական անդենականություն, դասակարգային և հարանվանական եսականություն՝ այս խորշելով խորշում է ցեղակրոնը:

ժէ. Ցեղակրոն եմ, այսինքն՝ կարող եմ գերազանցել  և պետք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին:

ժը. Տկարություն և նահանջ չի ճանաչում ցեղակրոնը: Նրա մոտ կենդանի է ուժի ծարավը, զոհաբերության քաղցրությունը և ցեղի ուժերի կենտրոնացման ճիգը:

ժթ. Նրա համար նվիրական է հայոց նորագույն քաղաքական գոյության օրը՝ Մայիսի 28-ը և այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որն է՝ սրբություն:

ի. Հայ մարդու հետ ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը:

իա. Ինքնամսխումի մեջ ազատ չէ ցեղակրոնը:
Քաջառողջ լինելու իրավունք և  պարտականություն ունի նա, որի ձեռքին է եկող սերունդների ճակատագիրը:

իբ. Նրա համար նախասիրելի են այն գիտությունները, արվեստներն ու արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզորությանը և հաղթանակին: Ցեղակրոնը մարտիկ է կամ պատրաստվում է դառնալ մարտիկ:

իգ. Անձնական կամքի մշակությամբ ցեղակրոնը սատարում է հայ ոգու հզորացմանը:


Դիտումներ: 5017 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: հայկական գաղափարախոսություն, Տարոնականություն, Ցեղակրոնություն, ազգային գաղափարախոսություն, Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան, ազգային արժեհամակարգ | - Վարկանիշ -: 4.7/15
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց