20:35 Բանանց գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
Գարդմանքի Բանանց գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, որոնց թիվը անցնում է մի քանի տասնյակը, այդ թվում՝ Թարգմանչաց անապատ վանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիները: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը սկսվել է 1863թ.-ին Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից՝ հարավային կողմում և ավարտվել Բանանցի բնակչության ջանքերով 1866թ.-ին: Շինությունը զբաղեցնում է 27.9x13.3 մ տարածք և ունի նուրբ և համեստ ճարտարապետություն: Մինչև 1989թ.-ը եկեղեցու գմբեթին տեղադրված է եղել խաչ: 1988-1989թթ.-ին Գարդմանքից գարդմանահայության բռնագաղթից հետո Բանանցն ու բանանցեցիների պարծանքը հանդիսացող եկեղեցին հայտնվեց այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ: Ադրբեջանի «կարկառուն» ակադեմիկոսները անմիջապես պետական և հասարակական մակարդակով սկսեցին քարոզել, թե իբր Բանանցն ու հայկական եկեղեցին կառուցել են ադրբեջանցիների նախնիները: Անգամ եկեղեցու համար ընտրեցին նոր անվանում՝ Ծիծեռնավանք եկեղեցի: Այո՛, հենց այս անվանումով է այսօր հայկական եկեղեցին ընդգրկված «ադրբեջանական հուշարձանների» պետական ցուցակում, իսկ եկեղեցու պատին փակցված է «Ալբան մեդեդի» գրությունը, ինչը նշանակում է աղվանական եկեղեցի: Փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ ազգ տեր չի կանգնում իր պատմությանը, իր հուշարձաններին և հայրենիքին, ապա այդ անում են օտարները: Որպես օրինակ կարելի է ներկայացնել հայկական Արարատյան թագավորությունը (Ուրարտուն), որի մասին խոսելիս միջազգային հանրությունը այդ թագավորությունը պատրաստ է վերագրել անգամ այլմոլորակայիններին, միայն թե ոչ հայերին: Իսկ Թուրքիան վաղուց սկսել է հայկական հինավուրց թագավորության պատմությունը իր նախնիներին վերագրել: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |