Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 30 » Փիփ գյուղ
18:20
Փիփ գյուղ
Փիփ գյուղԳարդմանքը հարուստ է հնագույն բնակավայրերով, որտեղ դարեր ի վեր ապրել, ստեղծագործել, հայապահպանության համար պայքարել են մեր նախնիները: Այդպիսի բնակավայրերից է Փիփ գյուղը, որի հիմնադրման ժամանակը դեռևս հայտնի չէ, բայց գյուղի պատմությունը սկսվել է առնվազն 8-9-րդ դարերից:

Պատմություն
Փիփ գյուղը գտնվում է Գարդմանքի կենտրոնական շրջանում՝ Քարհատ (Դաշքեսան) քաղաքից 7կմ հյուսիս-արևմուտք, Շամխոր գետի աջակողմյան և Արթինջուր գետի ձախակողմյան վտակների միջև ընկած ջրբաժանի  մոտ՝ արևմտահայաց ձորալանջերին, ծովի մակերևույթից 1360-1620 մ բարձրության վրա, ներկայումս՝ այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության Դաշքեսանի շրջանում: Ավանդության համաձայն՝ գյուղի Փիփ անունը ծագում է Փեփրոնյա կույսի անունից, որը նահատակվել է գյուղում և թաղվել Փիփին հարակից Հին Փիփ գյուղի Սուրբ Փեփրոնյա եկեղեցում: Չնայած ակնհայտ է, որ գյուղը նախկինում ունեցել է այլ անունը, որը դեռևս հայտնի չէ: ԽՍՀՄ տարիներին օտարները, մասնավորապես՝ թուրքերը, գյուղը կոչել են նաև Զագլիկ՝ մոտակա շիբի հանքերի առկայության պատճառով: Թուրքերեն շիբ թարգմանաբար նշանակում է  «զագ»: Ներկայումս այն ադրբեջանցիների կողմից վերանվանվել է և կոչվում է Զեյլիկ:

Գյուղում և մերձակա տարածքում պահպանված բազմաթիվ հնագիտական ու միջնադարյան հուշարձանները վկայում են տեղում վաղնջական ժամանակներից ի վեր բնակչության առկայությունը: Հետազոտողները նշել են, որ փիփեցիները բնիկներ էին: Հայտնի է, որ ներկայիս գյուղը հիմնադրել են Հին Փիփ գյուղից տեղափոխված բնակիչները, որոնք հին գյուղը լքել ու նոր վայր են փոխադրվել կլիմայական անբարենպաստ պայմանների պատճառով: Սակայն մինչ այդ էլ ներկայիս գյուղի տեղում եղել է հնագույն հայկական բնակավայր:

Փիփը նախքան ԽՍՀՄ փլուզումը եղել է տարածաշրջանի ամենաբազմամարդ գյուղը, որտեղ բնակվել են բացառապես հայեր: Աշխարհագրական դիրքը, կենսական բարենպաստ պայմանները, ինչպես նաև բնակչությանը զբաղվածություն ապահովող շիբահանքի առկայությունը դարեր շարունակ կարևոր գործոն են եղել տեղում բնակչության ամրապնդման ու զարգացման համար: Գյուղի բնակչությանը, ընդհանուր առմամբ, բնորոշ են եղել կայունությունը և թվաքանակի անընդմեջ աճը: Յուրաքանչյուր ընտանիքում առնվազն չորս երեխա է եղել: Սակայն բնակչության թվաքանակի աճին խանգարել են համաճարակները: 1880թ.-ի աշնանից մինչև 1881թ.-ի գարուն ընկած ժամանակահատվածում անհայտ հիվանդությունից մահացել է 120 մարդ: Առավել սոսկալի հետևանքներ է ունեցել 1899թ.-ի նոյեմբեր-1890թ.-ի ապրիլ ժամանակահատվածում տարածված ծաղիկ հիվանդությունը, որից մահացել է 375 երեխա: Այսօրինակ աղետներին դիմակայելու համար փիփեցիները 1891թ.-ին մտադրվել էին դեղատուն բացել և պահել մեկ բժիշկ:

Փիփում զարգացած է եղել հողագործությունը, այգեգործությունը, անասնապահությունը, մեղվապահությունը, հանքաարդյունաբերությունը: Փիփեցիները հանքանյութի արդյունահանմամբ զբաղվել են վաղնջական ժամանականերից: Ինչպես նշում է Գ.Տկաչևը, արդեն 1850-ական թվականներին շիբի արդյունահանումը տարեկան կազմել է 10.000 փութ: Այդպիսի հզորությամբ հանքը շահագործվել է  1805-1864 թվականներին: Խորհրդային տարիներին այն ավելի է մեծացրել իր արդյունահանման հզորությունը: ԽՍՀՄ փլուզումից հետո այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները շարունակում են շահագործել շիբի հանքը և իրենց պետական բյուջեն լցնել միլիոնավոր դոլարներ:

Եկեղեցական կյանքը
Գյուղում և հարակից տարածքներում պահպանվել են բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններ, որոնցից են Սուրբ Ստեփանոս, Սուրբ Փեփրոնյա, Սուրբ Հովհաննես եկեղեցիները, Բարսամ ճգնավորի և Ոսկան նահատակ մատուռները, Չարեք վանքը և այլն:

Փիփ գյուղի հոգևոր կարիքները մշտապես բավարարել են 2-ից 3 քահանաներ: Ստորև ներկայացվում է մեզ հասած տեղեկությունները Փիփ գյուղի քահանաների վերաբերյալ՝
• Պետրոս Տեր-Վարդանյան. 1832թ.-ին ձեռնադրվել է Փիփ գյուղի քահանա,
• Գալուստ Տեր-Խաչատրյան Շահնազարյանց. 1834թ.-ից քահանայագործել է գյուղում,
• 1878թ.-ին Փիփն ունեցել է 3 քահանա,
• Հովհաննես Մամիկոնյանց. եղել է Փիփ գյուղի քահանա, վախճանվել է 1892թ.-ի հոկտեմբերի 21-ին 45 տարեկան հասակում կարճատև հիվանդությունից հետո,
• Տեր Գալուստ Մամիկոնյան, ձեռնադրվել է և քահանայագործել Փիփում 1823թ.-ի մարտի 6-ից, Սուրբ Ստեփանոս եկեղեցու շինարարության ընթացքում ցուցաբերած եռանդուն աշխատանքի համար արժանացել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Ե Աշտարակեցու պարգևին «յաղագս ջերմեռանդ աշխատությեան իւրոյ ի վերա շինութեան եկեղեցւոյն Փիբ գեղջ վարձատրեալ է ի 1851 ամի ոսկեզոծ լանջական խաչիւ ի Ներսէս սրբազնագոյն կաթողիկոսէ Ամենայն Հայոց»:
• Հովհաննես Ոսկանյան Խոջոյանց. 1897թ.-ին ձեռնադրվել է քահանա և ծառայել առնվազն մինչև 1922թ.-ը: 1908թ.-ին նա քահանայագործում էր Մովսես Մամիկոնյանցի հետ: Ուներ 2 երեխա՝ Հայկ՝ ծնված 1892թ., Հայկանույշ՝ ծնված 1896թ.:

Հայ-թաթարական և հայ-թուրքական կռիվներ
Փիփ գյուղը 1905-1907, 1918-1921 թվականների հայ-թաթարական ընդհարումների ընթացքում եղել է ֆիդայական կենտրոններից: Փիփեցիները զգալի ներդրում են ունեցել տարածաշրջանի հայկական բնակավայրերի ու վանքերի պաշտպանության գործում: Առանձին ջոկատներ զենք, զինամթերք գնելու համար մեկնել են Արևմտյան Հայաստան՝ հաճախակի հանդիպելով և կռվի բռնվելով թուրք հրոսակների հետ: Այդպիսի մի կռիվ է տեղի ունեցել Վարդենիս քաղաքի մոտ, որի ժամանակ կորուստներ են ունեցել նաև հայերը: Զոհվածների թվում է եղել Մելիք Ազարյանը, իսկ նրա եղբայր Արսեն Ազարյանը  ծանր վիրավորվում է: Հետագայում զոհվածներին հողին են հանձնում մոտակա գյուղում հատուկ այդ նպատակով կառուցված եղբայրական գերեզմանատանը: Հայտնի է նաև, որ օրինակ, 1905թ.-ի սեպտեմբերի 6-ի դեպը, երբ 7 թուքրեր Փիփին հարակից պատմական Աղյուսաշեն (Աղվեսաշեն) գյուղատեղիի մոտ փորձել են հայերի տավարների հոտը գողանալ, սակայն հանդիպել են հայերի դիմադրությանը, տվել 2 զոհ, 4 ձերբակալված և ունեցել 7 ձիու կորուստ:

Փիփեցիները, բացի հայ-թաթարական կռիվներին ակտիվ մասնակցություն ունենալուց, մասնակցել են նաև հայ-թուրքական կռիվներին: Այդպիսի ֆիդայիններից է եղել Վիրաբ Ազարյանը, ով մարտնչել է Զորավար Անդրանիկի բանակում և հետագայում նրա հետ մեկնել Ֆրանսիա:

Գյուղի հայաթափումն ու բռնագաղթը
Արցախյան շարժմանն ի պատասխան՝  Ադրբեջանի ԽՍՀ-ի ղեկավարությունը կենտրոնական իշխանության թույլտվությամբ սկսեց հակահայ գործողություններ, որոնք ամենից հաճախ ուղեկցվում էին հայ էթնոսի իսպառ ոչնչացմամբ, այսինքն՝ պետական մակարդակով իրականացվում էր ցեղասպանություն: Սումգայիթի, Գանձակի և Բաքվի ջարդերին զուգընթաց պետական մակարդակով իրականացվում էր երկրի հայ ազգաբնակչության բռնագաղթ: Այդ դառնալի ճակատագրից զերծ չմնաց նաև Փիփ գյուղի հայությանը, որը անհիշելի ժամանակներից բնակվել է այնտեղ: Փիփից վերջին հայը հեռացավ 1988թ.-ի նոյեմբերի 4-ին:

Այժմ գյուղը գտնվում է այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո և ունի մոտ 350 թուրք բնակիչ, որոնց երիտասարդ սերունդին թվում է, թե իրենք բնակվում են իրենց «հզոր» նախնիների հայրենիքում, իսկ դարավոր հուշարձաններն էլ անվանում են ալբանական (աղվանական)՝ «համոզված լինելով», թե կառուցել են իրենց պապերը:

Վահագն Փիլիպոսյան
Գրականություն՝
1.Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.:
2.Բարխուդարյանց Մ., «Արցախ», Բագու 1895թ.:
3.«Մեղու Հայաստան», 1878թ., N29, 44, 46:
4.«Նոր Դար», 1892թ., N171:
5.«Մշակ», 1883թ., N18, 77, 128:
6.«Արշալույս», 1905թ., N9, 17:
7.Ա-Դօ, «Հայ-թուրքական ընդհարումը Կովկասում», Երևան 1907թ.:
8.Հեղինակի անձնական հավաքածու:



Դիտումներ: 2501 | Ավելացրեց: Armenius | Տեգեր: Գարդմանքի գյուղեր, Գարդմանք, հայկական բնակավայրեր, Զագլիկ, Հայկական գյուղեր, Փիբ, Դաշքեսան, Փիփ | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *:
Հայագիտական պորտալ
Մեր Մեծերը
Գրեք մեզ
Էլ. փոստ՝ hayarshav@gmail.com
Հասցե՝
Այստեղ պետք է լիներ
Գարդմանք, ք. Գանձակ, 
Տիգրան Մեծի փողոց