18:56 Փիփ գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցի |
Գարդմանքի ամենախոշոր բնակավայր հանդիսացող Փիփ գյուղի կենտրոնում է գտնվում գյուղի բազմաթիվ եկեղեցիներից ամենապահպանվածը՝ Սուրբ Ստեփանոսը: Եկեղեցու շինարարությունը ավարտվել է 1849թ.-ին գյուղացիների և տփխեսցի Ստեփան Միրիմյանցի ջանքերով, որի մասին եկեղեցու արևմտյան պատի մեջ տեղադրված մարմարյա քարին կա արձանագրություն: Եկեղեցին ուղղանկյուն հատակագծով գմբեթավոր դահլիճ է՝ կառուցված անտաշ քարով և կրաշաղախով: Կառուցողական առավել պատասխանատու հանգույցներն ու գմբեթն իրականացվել են սրբատաշ քարով: 22 մ երկարությամբ և 12 մ լայնությամբ եկեղեցին ներսից պահվում է վեց հրաշալի կառուցված սյուներով: Այստեղ է պահվել չորս ձեռագիր ավետարան, որոնց գտնվելու վայրը ներկայումս անհայտ է: Հայտնի է, որ 1862թ.-ին եկեղեցին նորոգվել է և գործել մինչև 1928թ.-ն ու Խորհրդային իշխանության կողմից անվերադարձ փակվել: Մուտքի մոտ կար խաչքար, իսկ պատին՝ 1849թ.-ին թվագրվող արձանագրություն: Այսպես կոչված Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը անցնելուց և Փիփ գյուղի հայության բռնագաղթից հետո եկեղեցին վերածվել է անասնագոմի՝ չնայած այն հանգամանքի, որ ադրբեջանցիները այն անվանում են իրենց «նախնիների» կառուցած ալբանական կոթող: Երբեմնի հայաշատ գյուղը վերանվանվել է Զեյլիկ, բայց դեռևս չի կորցրել իր հայկականությունը: Վահագն Փիլիպոսյան Գրականություն՝ 1.Սամվել Կարապետյան, «Հյուսիսային Արցախ», Երևան 2004թ.: 2.Բարխուդարյանց Մ. «Արցախ», Բագու 1895թ.: 3.«Արձագանք», 1886թ., N23: 4.Հեղինակի անձնական հավաքածու: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |